Բոսնիայի խորհրդարանում կքննարկվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը
Առաջիկա օրերին Բոսնիա և Հերցեգովինայի խորհրդարանը քննարկելու է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Երեքշաբթի նման նախաձեռնությամբ է հանդես եկել Բոսնիայի սերբական հատվածի նախագահ Միլորադ Դոդիկը:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանության ճանաչելու և այդ փաստի ժխտումն արգելելու նախաձեռնությունը Բոսնիայի դաշնային խորհրդարան կներկայացնի Դոդիկի Սերբական անկախ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը:
«Մենք ցանկանում ենք մտնել եվրոպական այն քաղաքակիրթ երկրների, մյուս նմանատիպ պետությունների շրջանակը, որոնք արդեն իսկ դատապարտել են այդ ցեղասպանությունը։ Նման առաջարկով նախագիծը մոտակա օրերին մենք ներկայացնելու ենք խորհրդարան», - երեքշաբթի հայտարարել է բոսնիացի սերբերի առաջնորդը՝ Բոսնիայի սերբական հատվածի վարչական կենտրոն Բանյա Լուկա քաղաքում:
«Որևէ կասկած չկա, որ հայերի դեմ ցեղասպանություն է իրականացվել: Մեկուկես միլիոն մարդ դաժանաբար սպանվել է։ Եթե մենք ընդհանուր վերլուծություն կատարենք, ապա պարզ կդառնա, որ թուրքերը նաև սերբերի ցեղասպանություն են իրագործել այն դարաշրջանում, երբ այս տարածքները նրանց տիրապետության տակ էին», - նշել է Միլորադ Դոդիկը` հավելելով, թե Թուրքիայի բացասական արձագանքը այս նախաձեռնություններին իր համար սպասելի է:
«Թուրքիան այն պետությունն է, որ Բոսնիայում միանշանակորեն պաշտպանում է միայն մի կողմի` բոսնիացի մահմեդականների շահերը», - նշել է նա:
Այնուհանդերձ, Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման հեռանկարները Բոսնիա և Հերցեգովինայի դաշնային խորհրդարանում այնքան էլ մեծ չեն: Փաստորեն, ցեղասպանությունը ճանաչելու նախաձեռնությամբ հանդես է գալիս Բոսնիան ձևավորող երկու պետական միավորներից միայն մեկի` Սերբական Հանրապետության ղեկավարը: 1995 թվականի Դեյթոնյան համաձայնագրի հիման վրա երկրի տարածքի 51 տոկոսը զբաղեցնող Մահմեդականների և Խորվաթների Դաշնության ղեկավարությունը Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի առթիվ առանձնակի ոգևորություն չի ցուցաբերում: Բացի այդ, նախաձեռնության հեղինակ հանդիսացող սերբ սոցիալ-դեմոկրատները Բոսնիայի 42-տեղանոց դաշնային խորհրդարանում ընդամենը 8 մանդատ ունեն:


Comments (0 posted):
Post your comment