Անկախ Արցախը 19 տարեկան է. Դա ճիշտ ժամանակին կայացված փայլուն որոշում էր
19 տարի առաջ այս օրը ԼՂ ժողովրդի ու իշխանությունների կայացրած որոշումը և կատարած քայլը միասնականության, հաստատ կամքի արդյունք էր, փայլուն, ճիշտ ու ժամանակին, որի հիման վրա զարգացավ արցախյան պետականությունը, առաջ գնաց ժողովրդավարությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԼՂՀ անկախության հռչակման վերաբերյալ նման կարծիք հայտնեցին ՀՀ սահմանադրական դատարանի անդամ, Արցախյան շարժման մասնակից Կիմ Բալայանը, Երևանի Բրյուսովի անվան Օտար լեզուների համլսարանի ռեկտոր, քաղաքագետ, Արցախյան շարժման մասնակից Սուրեն Զոլյանը և Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Շարժման մասնակիցներն այսօր հիշում են, որ այդ օրերին բարդ քաղաքական իրավիճակում արցախցիները կարողացան ճիշտ, իրավական ուժեղ հիմք ունեցող որոշում կայացնել` չխախտելով որևէ օրենք չմնալ հին կարգավիճակում: Անկախության հասնելու ճանապարհն այնքան էլ հարթ չի եղել: Զոլյանը հիշում է, որ ընդհանուր ոգևորության մեջ տարակուսողներ էլ կային, ճնշումների պակաս չէր զգացվում:
«Սպասողական վիճակ էր, հիմա չեմ ուզում անուններ տալ, բայց շատ-շատերը պատրաստ էին գնալ և հանձնվել, մեղայականով հանդես գալ, շատերը ոգևորված էին, ու սպասում էին, թե ինչ է տեղի ունենալու Ղարաբաղում»,-ասաց Զոլյանը: ԽՍՀՄ փլուզման ընթացքում առաջացած քաղաքական խառնաշփոթ վիճակում արցախցիները կարողացել են հստակ գործել:
«ԼՂ այն ժամանակվա իշխանությունները շատ ճիշտ որոշում են կայացրել, քաղաքական առումով անորոշություն էր տիրում, պետք չէր իզուր հակադրվել գործող օրենքներին, ոչ էլ մնալ հին կարգավիճակում»,-գնահատեց Զոլյանը, հիշեցնելով, որ հրավիրած նիստում որոշում էր կայացվել, որ անկախություն հռչակած Ղարաբաղում պետք է որոշ ժամանակ գործեին ԽՄ ու Հայաստանի օրենքները ու միաժամանակ ԼՂ ժողովուրդն իրեն իրավունք էր վերապահում ինքնուրույն որոշել իր կարգավիճակը: Մինչ այդ Ադրբեջանը շտապեց հռչակել իր անկախությունը և անվավեր ճանաչել ԽՄ իրավական բոլոր ակտերը, այդ թվում նաև նրանք, որոնցով իրեն տրվել են թե Նախիջևանը, թե Լեռնային Ղարաբաղը:
Զոլյանը հիշեց, որ հենց այդ ժամանակ շրջանառության մեջ էր մի նախագիծ, որով Հայաստանը ճանաչում էր թե Ադրբեջանի, թե ԼՂ անկախությունը, իսկ դա հնարավորություն կտար իրավականորեն ճանաչել, որ Ադրբեջանը հրաժարվել է նաև ԼՂ-ից: Նախագիծը քվեարկության չի դրվել, հետաձգվել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խնդրանքով, ով պետք է մեկներ Մոսկվա որոշ հարցեր քննարկելու:
ՍԴ անդամ Կիմ Բալայանն ասաց, որ այդ օրերը հիշելիս մարմնով սարսուռ է անցնում: Հիշեց, որ ԳԽ-ում քննարկվել է նաև հարց, որ ԼՂ տարածքում ընտրություններն անցկացվեին Ադրբեջանի օրենքներով: «Այն ժամանակվա որոշ ընդդիմադիր գործիչներ արդեն տվել էին իրենց համաձայնությունը: Ես ասացի, ով էլ նման որոշում կայացնի, Ղարաբաղում նման որոշում երբեք չեն կատարի և ոչ մեկը»,-պատմեց Բալայանը, հիշեցնելով, որ բազամթիվ ճնշումներ են եղել ԼՂ ժողովրդի ազատ կամքի արտահայտումը ճնշելու համար: Սակայն Արցախի ժողովուրդն ինքնորոշվեց ուժեղ քաղաքական կամքի շնորհիվ, իսկ Հարավային Կովկասի ոչ մի երկրում ժողովրդավարությունն այնքան զարգացում չապրեց, որքան Արցախի Հանրապետությունում:
Բալայանը հիշում է ու գնահատում բոլոր այն մարդկանց, ովքեր հասնում էին Արցախ, հարցնում, թե ինչով կարող են օգնել, «Ամերիկայի ձայն»-ով էլ հայտարարում, մենք բոլորս արցախցիներ ենք, և մենք բոլորս արցախցիների կողքին կանգնած ենք:
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանն ավելացրեց, որ Հայաստանի նորագույն պատմության մեջ 91 թվականի սեպտեմբերի 2-ը դարձավ ամենանպաստավոր պատմական շրջաններից մեկն էր: Նրա խոսքով, 19 տարի ԼՂՀ գոյատևումը, զարգացումն ու պետական գործառույթների իրականցումը քաղաքական առումով մեծ ձեռքբերում է ոչ պատերազմ-ոչ խաղաղություն, սպառազինությունների մրցավազքի իրավիճակում: «19 տարին բավականին լուրջ ժամանակ է: Դա թույլ է տալիս մեզ ասելու, որ այն նպատակը, որ 88-ի վերջին հայ ժողովուրդը դրել էր իր առջև, բավականին առումներով հաջողվել է և դա հայկական կողմերին հնարավորություն է տալիս նպաստավոր զարգացումներ սպասել ԼՂ հարցում ապագայում»,-ասաց Մինասյանը:
Ս. Զոլյանի խոսքով, այսօր հասունացել է այն պահը, որ Հայաստանը Ղարաբաղի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքի, ստեղծի կոնֆեդերատիվ հարաբերություններ, որոնք թույլ կտան Հայաստանին ԼՂՀ-ն ներկայացնել միջազգային կառույցներում:



Comments (0 posted):
Post your comment