Կոնդոլիզա Ռայսը, գոլֆը և Սահակաշվիլին
ԱՄՆ նախկին պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը, որն այս օրերին պետք է մասնակցեր Թբիլիսիում երկօրյա միջազգային սիմպոզիումի աշխատանքներին` նվիրված համաշխարհային մարտահրավերներին հետխորհրդային շրջանում, անսպասելիորեն Բաթումիից մեկնել է ոչ թե Թբիլիսի, այլ Դուբլին: Այս մասին, հղում կատարելով Վրաստանի արտգործնախարարությանը, նշում է ռուսական utro.ru կայքը:
Նշենք, որ սիմպոզիումին իրենց մասնակցությունն են հաստատել մի շարք համաշխարհային քաղաքական գործիչներ, որոնք նաև պետք է հանդիպեին նախագահ Սահակաշվիլու հետ: Թեպետ ավելի ուշ, փորձելով մեկնաբանել ԱՄՆ նախկին պետքարտուղարի քայլը, Վրաստանի փոխարտգործնախարարը հերքել էր այն տեղեկությունը, թե Ռայսը պետք է հանդիպեր նախագահի հետ` նշելով, որ սիմպոզիումին մասնակցությունը մասնավոր այցի շրջանակում է:
Ի դեպ, բացի Ռայսից սիմպոզիումի աշխատանքներին չի մասնակցի նաև նախապես իր մասնակցությունը հաստատած Սովետական միության նախկին նախագահ Միխայիլ Գորբաչյովը: Ընդ որում, եթե Ռայսի անակնկալ մեկնումը Դուբլին բացատրվում է, ըստ պարբերականի, Իռլանդիայի մայրաքաղաքում գոլֆ խաղալու մտադրությամբ, ապա Գորբաչյովի պարագայում որևէ բացատրություն դեռևս չկա:



Comments (0 posted):
Post your comment