Հրատարակություններ` նվիրված Հայ գրատպության 500-ամյակին
Հայ գրատպության 500-ամյակին նվիրված` Իտալիայի միջոցառումների մեկնարկը նշանավորվեց ոչ միայն ցուցահանդեսային շքերթով, այլև այն ներկայացնող կատալոգներով ու գրքույկներով:
Վենետիկյան մեկնարկի շրջանակներում հանրահայտ « Սկիրա » տպագրատան կողմից հրատարակվել է « Հայաստան.քաղաքակրթության դրոշմներ » խորագրով ցուցահանդեսի մեծածավալ` 400 էջից բաղկացած կատալոգը, որը ներառել է անվանի հայագետների` մասնավորապես իտալական ակադեմիայի անդամների աշխատանքները:
Կատալոգում հայ բազմադարյան մշակույթը ներկայացնող ցուցահանդեսային նմուշների լուսանկարներից զատ, իտալերենով և հայերենով զետեղված շուրջ 20 հոդվածները ընթերցողին համակողմանի ներկայացնում են « Հայ գիրն ու գրավոր մշակույթը» , « Քարի կերպարից մինչև մատյանի իմաստնությունը » , « Հայ միջնադարյան մանրանկարչությունը » , « Գրական մշակույթն ու ինքնությունը » , «Գիտական միտքը Հայաստանում » : Կատալոգում անդրադարձ է կատարված նաև « Հայ պատմության խորհրդանշական մտքին » , « Հայ պատմագրությանը արևելքի և արևմուտքի միջև » , « Հայ մշակութային վերածնունդի վայրերին ժը-ժզ դարերում » , « Մխիթարյանների թարգմանական դպրոցին » և այլն, և այլն:
«Դվին. Հայոց մայրաքաղաք Եվրոպայի և Ասիայի միջև » .
Հռոմում` « Բրասկի » թանգարանում բացված « Դվին` հայկական մայրաքաղաք Եվրոպայի և Ասիայի միջև » ցուցահանդեսի առթիվ նույնպես տպագրվել է կատալոգ` ցուցանմուշներին համապատասխան բացատրագիր-համառոտագրություններով ու ցուցահանդեսի հայեցակարգով: Կատալոգը տպագրության է պատրաստել Հայաստանի պատմության թանգարանը:
Հրատարակվել է « Հայկական հետքեր Վենետիկում » հայերեն-իտալերեն ժողովածուն, որում համառոտ դրվագված է հայկական ներկայացվածությունը Վենետիկում` միջնադարից ցայսօր. ճարտարապետական հուշարձաններ, եկեղեցիներ, աշխարհիկ շինություններ, կրթամշակութային կենտրոններ, հուշարձաններ, փողոց: Առաջաբանը գրել է արվեստաբան Հրավարդ Հակոբյանը: Այն անդրադարձ է Վենետիկին` որպես հայկական հնագույն գաղթօջախի և հայ տպագրության առաջին կենտրոններից մեկի:
Գրքույկում առանձնահատուկ հոգածությամբ է ներկայացված Մխիթարյան միաբանության, ինչպես նաև Վենետիկի Մուրադ-Ռափայելյան վարժարանի հայանպաստ և հայագիտական գործունեությունը « INFO ARMENIA » 2011 թ./:
«Սբ. Գրիգոր Լուսավորիչ » . Նեապոլի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու որմնանկարների, փորագրությունների, զարդանախշերի պատկերագիրք, որտեղ հայերեն և իտալերեն բացատրագրերով ներկայացված են Սրբի կյանքը պատկերող դրվագներ: Այս գրքույկը տպագրվել է Հայաստանում Իտալիայի դեսպանության հետ համատեղ: 2010 թ. հոկտեմբերին Երևանում` Իտալիայի դեսպանությունում «Իտալերենի համաշխարհային 10-րդ շաբաթ » ծրագրի շրջանակում կազմակերպված Նեապոլի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ֆոտոցուցահանդեսի կապակցությամբ /AREDIT, 2011 թ./:
«Հայաստան-Իտալիա մշակութային համագործակցություն » գրքույկ-տեղեկատու` նվիրված Հայաստան-Իտալիա մշակութային համագործակցության վերջին 5 տարիները ներկայացնող գործընթացներին. իրավապայմանագրային դաշտ, դրամաշնորհային ծրագրեր, տպագրված թարգմանական գրականություն /Երևան, AREDIT, 2011 թ./:
«Վենետիկը` մունջ անուրջ... » բանաստեղծական ժողովածու, որտեղ ընդգրկվել են այն հայ գրողների ստեղծագործությունները, ովքեր ոգեշնչվել և երկեր են նվիրել Վենետիկին. Դանիել Վարուժան, Կոստան Զարյան, Ավետիք Իսահակյան, Եղիշե Չարենց, Շառլ Ազնավուր, Հրանտ Նազարյանց...



Comments (0 posted):
Post your comment