Մշակույթը «տժժալու» երևույթ չէ, այլ դաստիարակություն է
Ազգային երգերն ու պարերն այժմ ծանր վիճակում են ինչպես Հայաստանի ցանկացած գավառում, այնպես էլ մայրաքաղաքում. ամեն ինչ մոռացության է մատնվում, օրեցօր գնալով ազգային երգերը, պարերը, սովորությունը, մաքրամաքուրը անտերության է մատնվում: Ասուլիսում նման կարծիք հայտնեց «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար Անդրանիկ Մանուկյանը:
Ըստ նրա` այս մասին պետք է մտածել, հոգ տանել կառավարության մակարդակով: «Մշակույթի նախարարությունը կա, գործում է, բայց իրական ազգային մտածելակերպ ու ազգային քարոզ չի տարվում, իսկ մեզ հենց դա է պետք: Կան հատուկ մասնագետներ, ազգագրագետներ, երաժշտագետներ, որոնց պետք է գործի դնել, որպեսզի մեկնաբանեն ու բարձրաձայնեն իրականը, մերը, ազգայինը: Գիտակ մարդուն պետք է տեղ տրվի»,- ասաց նա` հավելելով. «Եթե ուզում ենք հասկանալ, որ պետություն ենք, երկիր ենք, ժողովուրդ ենք, պետք է մեր ազգային մշակույթից, հողից ու ջրից չկրտվենք: Պետք է քարոզենք մեր ազգայինը: Նախ և առաջ, պետք է մեր ներսը մաքուր լինի»:
«Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն իր հերթին ասաց, որ ազգային երգի աղավաղումը չի սկսվել երեկ և չի ավարտվելու վաղը: Ըստ նրա` հայ մշակույթը 3 անգամ ցեղասպանություն է ապրել. առաջինը` 1915-ին, երբ հայը իր բնիկ հողից տեղահանվեց, երկրորդը` սովետական ժամանակաշրջանում, երբ ստիպում էին երգել «կոլխոզնիկ յարի» մասին երգեր և ոչ մի ազգային երգ չէր թույլատրվում, երրորդը` «մենք իրականացնում ենք մեր թեթև ձեռքով, մեր ամենաթողությամբ»:
«Արաբախառը, թրքախառը, կասկածելի հայերենով երգեր երգողներին, ժողորվրդի մեջ կեղծ մշակույթ տարածողներին «վաստակավոր արտիստի» կոչում ենք տալիս և դրանով իսկ քաջալերում նրանց արվեստը», - ասաց նա` ընդգծելով, որ մշակութային այս եղեռնին մասնակցում է բնակչության 50 տոկոսը: Նա նկատի ունի նաև նրանց, ովքեր ունկնդրում են նման երաժշտությունը:
Գ. Գինոսյանն ասաց, որ մշակույթը «տժժալու» երևույթ չէ, այլ դաստիարակություն է. «Իրականում, մենք ունենք լուրջ, դաստիարակող մշակույթ: Պետք է հենց այդ մշակույթի վրա հիմնվելով` կրթվեն մեր սերունդները: Իսկ իրենց կողմից ընկալվող մշակույթը չի կարող իրենց սնել ու կրթել: Ստեղծված վիճակից դուրս գալու համար կամք է պետք»:



Comments (0 posted):
Post your comment