ՀՀ Փոխվարչապետն ընդունեց Քուվեյթի Պետության նորանշանակ դեսպանին
ՀՀ փոխվարչապետ, հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության նորանշանակ դեսպան Բասամ Մուհամմադ ալ-Քաբանդինին:
Շնորհավորելով նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ` փոխվարչապետը նշեց, որ Հայաստանը հետաքրքրված է Քուվեյթի հետ առեւտրատնտեսական համագործակցությունը խորացնելու հարցում` հաշվի առնելով նաեւ քաղաքական մակարդակով բարեկամական հարաբերությունների առկայությունը: Ա. Գեւորգյանի խոսքով` Ծոցի երկրներից Քուվեյթն առաջինն է, որի հետ հարաբերություններն ավելի համակարգված բնույթ են ստանում. հոկտեմբերին Երեւանում անցկացվեց հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը, երկու երկրներում արդեն գործում են դեսպանատները, ինչը նոր խթան է երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար:
Նշվեց, որ հանձնաժողովի առաջին նիստից հետո արդեն որոշակի քայլեր իրականացվել են. վերջերս Քուվեյթ է այցելել Զարգացման հայկական գործակալության պատվիրակությունը, որը բավականին արդյունավետ հանդիպումներ է ունեցել արաբ գործընկերների հետ: Հայաստան են այցելել նաեւ քուվեյթցի գործարարները` փոխգործակցության հնարավորություններին տեղում ծանոթանալու նպատակով:
Երկկողմ հարաբերությունների զարգացման առումով կարեւորվեց երկուստեք գործնական քայլերի իրականացումը օդային հաղորդակցության հաստատման ուղղությամբ, որի վերաբերյալ համաձայնագիր կողմներն ստորագրել էին միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի ընթացքում: Հեռանկարային է Հայաստանում արտադրվող սննդամթերքի արտահանումը Քուվեյթ, ինչպես նաեւ համագործակցությունը ներդրումային ոլորտում. մասնավորապես` քուվեյթյան ընկերությունները կարող են մասնակցել Հայաստանում, հատկապես` ենթակառուցվածքների ոլորտում իրականացվող ծրագրերին:
Փոխվարչապետը հույս հայտնեց, որ միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի ժամանակ արդեն կլինեն կոնկրետ արդյունքներ, որոնք արձանագրելով` կողմերն առաջ կշարժվեն հետագա փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ: Նա նաեւ կառավարության անունից պատրաստակամություն հայտնեց աջակցել երկկողմ շփումների ակտիվացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին:
Դեսպանն իր հերթին նշեց, որ Քուվեյթում նույնպես մեծ նշանակություն են տալիս Հայաստանի հետ կապերի խորացմանը, եւ հատկապես` առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը: Այս նպատակով քուվեյթական կողմը նախատեսում է համագործակցել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի հետ: Դիվանագետը վստահեցրեց, որ իր կողմից կանի հնարավորը` երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը նպաստելու համար:


Comments (0 posted):
Post your comment