Ուխտագնացություն և երթ` օտարալեզու դպրոցների վերաբացման դեմ
Սեպտեմբերի 5-ին մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվեց ուխտագնացություն դեպի Օշական` Մեսրոպ Մաշտոցին ևս մեկ անգամ հարգանքի տուրք մատուցելու : <<Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը>> գաղափարախոսությամբ առաջնորդվելով` վերոհիշյալ ուխտագնացությունն ավելի քան տեղին ու նպատակաուղղված էր:Մեսրոպյան ժառանգությունն անբարեխղճորեն տնօրինող և անօրինաբար վտանգող պետական որոշումը բուռն տագնապների տեղիք էր տվել բազում մտավորականների, կուսակցական գործիչների և պարզապես հասարակ հայ քաղաքացիների մոտ:
Վերադառնալով Օշականից` ուխտագնացները մեկնարկեցին երթ Մատենադարանից Մաշտոցի պողոտայով մինչև Սբ Սարգիս եկեղեցի:Երթի հիմնական կարգախոսներն էին` << Հայ մանուկին`հայ դպրոց>>, <<Ո’չ օտարալեզու դպրոցների վերաբացմանը>>: Հիշեցնենք, որ «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հարցը հունիսի 9-ին մտավ Ազգային ժողովի օրակարգ և հունիսի 24-ին առաջին ընթերցմամբ ընդունվեց` ձայների 71 կողմ, 13 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ: Օրինագծի երկրորդ ընթերցումը տեղի կունենա ԱԺ-ի աշնանային նստաշրջանի քառօրյայում:
Կիրակնօրյա ուխտագնացության և երթի մասնակիցներն էին`Ազգային նոր պահպանողական շարժում, Ասպարեզ լրագրողների ակումբ, «Դեմոկրատիա այսօր» ՀԿ, «ԷԼԲԱ», Թեղուտի պաշտպանության նախաձեռնող խումբ, Իրանահայեր լրատու ցանց, «Լեզվի ժողովրդական տեսչություն» քաղաքացիական նախաձեռնություն, «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» քաղաքացիական նախաձեռնություն, «Հայազն երիտասարդների միաբանություն» ՀԿ, Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունք, «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիա, «Ձեռք» երիտասարդական կրթական ՀԿ, «Շիրակ կենտրոն» ՀԿ, «Սարդարապատ» շարժում, «Սերունդ» ՀԿ, «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» ՀԿ, yerevaklur.am լրատու ցանց», ինչպես նաև ՀՅ Դաշնակցության, «Ժառանգություն» կուսակցության և Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներ։



Comments (0 posted):
Post your comment