Ուժեղ ու միասնական` հանուն համազգային նպատակների իրականացման
«Ինչքան հզոր լինի մեր Սփյուռքը, այնքան հզոր կլինի Հայրենիքը, ինչքան հզոր լինի Հայրենիքը` այնքան հուսալի և ապահով կլինի հայ ժողովրդի ապագան: Այս գործում իր ուրույն դերակատարությունն ունեք դուք` հերոս մուսալեռցիների շառավիղներդ: Վստահ եղեք, հայրենիքում միշտ հիշում են ձեզ, ուրախանում ձեր հաջողություններով ու ձեռքբերումներով, կիսում ձեր հոգսերն ու դժվարությունները»,- Լիբանանում Մուսա լեռան հերոսամարտի 95-ամյակին և Այնճարի հիմնադրման 70-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ իր ողջույնի խոսքում ընդգծել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը:
Նախագահն ընդգծել է, որ մուսալեռցիների հերոսական օրինակն ու ազատատենչ ոգին 95 տարի շարունակ ոգեշնչել են սերունդներին և կոչել նոր խիզախումների:
«Մեր պատմության փառապանծ էջերից մեկը հանդիսացող այդ հերոսամարտից տասնամյակներ անց հայ ժողովուրդը կրկին ոտքի ելավ` պաշտպանելու հայրենի հողը և այդ հողում ազատ ու անկախ ապրելու, սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու իր իրավունքը: Դա Արցախյան ազգային-ազատագրական շարժումն էր, որը կրկին վերածնեց հայ ժողովրդի հաղթական ոգին և հավատը սեփական ուժերի հանդեպ: Աշխարհը մեկ անգամ ևս համոզվեց, որ օրհասական պահերին մենք կարող ենք լինել ուժեղ ու միասնական, կուռ ու անսասան, համախմբվել ու համատեղել մեր ջանքերը` հանուն համազգային գաղափարների ու նպատակների իրականացման»,-ասել է Բ. Սահակյանը:



Comments (0 posted):
Post your comment